36-ամյա կինը դանակով սպառնալով դեղատների աշխատակիցներին՝ գումար է հափշտակել

16:39, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արմավիրի քաղաքում հոկտեմբերի 14-ին ավազակության երկու դեպք է արձանագրվել։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։

«Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից ՝159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ պարզել են, որ երկու դեպքում էլ ավազակություն կատարողը նույն անձն է։ Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում Արմավիրի քրեական հետախույզները ձեռնարկել են մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզը։

Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվել է կասկածվողի ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։ Նա դեպքերի հաջորդ օրը հայտնաբերվել է իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին և ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am