Երասխի տների ուղղությամբ Ադրբեջանի նպատակային կրակահերթերն ահաբեկչական հանցավոր արարքներ են. ՀՀ ՄԻՊ

13:22, 17 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 16-ի գիշերը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի քաղաքացիական տների ուղղությամբ նպատակային կրակահերթերն ահաբեկչական հանցավոր արարքներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ։

«Հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակություններն ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են»,- շեշտել է Պաշտպանը:

Նրա խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:

«Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am