Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանին

12:22, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքին ցուցաբերած նշանակալի աջակցության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է Էդել Հովնանյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:

Պարգևատրմանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, երկրի զարգացման մեջ սփյուռքի ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություններին:


© 2009 ARMENPRESS.am