Կանադա-իրանական ֆիլմը ստեղծողների համար Հայաստանը անկախ կինոյի զարգացման հրաշալի վայր է

15:38, 15 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը՝ հանրությանը ներկայացնելով կինոյի լավագույն աշխատանքները, հյուրընկալելով կինոոլորտի գործիչների, ինչպես նաև իրականացնելով ամենատարբեր միջոցառումներ Հայաստանի սրտում՝ Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնային ինքնատիպ ֆիլմերից էր իրանցի ճանաչված կինոգործիչ, ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Անձրևը գալիս է ուր ուզի» ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհի Սառան փորձառու և հարգված բուժքույր է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ լռելյայն կյանքից զրկում է իր այն հիվանդներին, որոնք կորցրել են ապաքինման ամեն հույս: Սառայի կյանքում կարծես ամեն ինչ լավ է ընթանում, քանի դեռ նրան չեն խնդրել խնամել մի մասնավոր հիվանդի վերջինիս ծովափնյա առանձնատանը:

Ֆիլմը իրանա-կանադական համարտադրություն է, որն իրականացվել է Rainy Pictures-ի և The Other End-ի համագործակցությամբ։ Պրեմիերան կայացել է Ռոտերդամի 50-րդ միջազգային փառատոնի շրջանակում, այնուհետև մինչ հայկական փառատոնը ներկայացվել Դուրբանի միջազգային կինոփառատոնին։

«Իրանում անկախ կինոյի վրա աճող ճնշումների և սահմանափակումների պատճառով ծայրահեղ դժվար է դառնում մեր երկրում արտհաուսային կինոարվեստի ճանապարհը նախընտրելը։ Ֆիլմերի նկատմամբ քաղաքականության անընդհատ փոփոխությամբ և անկախ կինոնկարների բյուջեների նկատմամբ սրվող տնտեսական պայմանների հետևանքով մեր օրերում շատ դժվար առաքելություն է դարձել մեր երկրում արտհաուս կինոն բարձր պահելը»,- ասում է Մաջիդ Բարզեգարը, որը նաև անկախ կինոյի առաջատար պրոդյուսերներից է: Թեհրանում նրա Rainy Pictures-ի գրասենյակում արտադրված ֆիլմերից շատերի պրեմիերան կայացել է աշխարհի ամենանշանավոր փառատոններում, ինչպիսիք են Կաննի, Բեռլինի, Սան Սեբաստիանի, Բուսանի և Չիկագոյի միջազգային կինոփառատոնները:

Մաջիդ Բարզեգարի ֆիլմերից մի քանիսը նախորդ տարիներին ներկայացվել են «Ոսկե ծիրան» փառատոնին, կինոռեժիսորը մշտապես մասնակցում է փառատոնին։ «Անձրևը գալիս է ուր ուզի» ֆիլմը մեր երկրում ներկայացվեց կանադացի պրոդյուսեր Ամիր Էնդալահի կողմից, ով Տորոնտոյի առաջատար The Other End-ի ընկերության ղեկավարն է։ Վերջինս զբաղվում է անկախ կինոների առաջխաղացմամբ ամբողջ աշխարհում, կինոփառատոններ է կազմակերպում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ աջակցելով իրանցի կինոարտադրողներին։

«Շատ հաճելի է տեսնել, թե որքան մեծ սեր ու աջակցություն եք ներդնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպման գործում։ The Other End-ի ընկերությունում մենք ձգտում ենք ձայնի հնարավորություն տալ աշխարհի տարբեր երկրների անկախ կինոգործիչներին, և «Ոսկե ծիրան»-ի դեպքում էլ մենք տեսնում ենք, որ պրոֆեսիոնալ թիմ և ֆանտաստիկ մթնոլորտ են ձևավորված անկախ կինոյի շուրջը։ Շատ հուզիչ է հասկանալ, որ մեր ֆիլմը նման լավ ձեռքերում էր»,-նշում է Ամիր Էնդալահը, որը Տորոնտոյից Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու փառատոնին։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, հատեց եզրագիծը։ Փառատոնի բոլոր մասնակիցները, ժյուրիի անդամները տպավորված էին ոչ միայն փառատոնի մակարդակից, այլև ջերմ Երևանից։ Փառատոնային օտարերկրյա հյուրերն առանձնակի գոհ էին ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելու փաստից։


© 2009 ARMENPRESS.am