Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը անվանակոչվել է Հայաստանի անունով

11:55, 15 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 14-ին միաձայն որոշմամբ ընդունել է որոշում Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչել Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ անվանումը («Esplanade d'Arménie»)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

«Կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։  Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտասի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։  Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը:


© 2009 ARMENPRESS.am