Standard&Poors-ի վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերություններն ավելի էժան վարկեր կստանան. վարչապետ

12:02, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Standard&Poors վարկանշային գործակալության կողմից առաջին անգամ ՀՀ կառավարությանը վարկանիշ շնորհելու իրադարձությունն ունի ռազմավարական նշանակություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետը կառավարության նիստի սկզբում նշեց, որ սա իրադարձություն է, որը նպաստում է թե ներքին, թե արտաքին կապիտալի շուկայի ներքին ձևավորմանը: «Սա շատ կարևոր է մեզ համար», - ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ վերջին տարիներին իրենք երկու անգամ եվրոբոնդերի թողարկում են իրականացրել ու երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել: «Միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կարողությանը, արդյունքում ճիշտ դուրս եկան: Պետք է մասնավոր հատվածի հետ շատ ինտենսիվ աշխատել, որ ընկերությունները դուրս գան կապիտալի շուկա: Սա կմեծացնի վարկերի մատչելիությունը, որովհետև  բանկերն էլ ստիպված կլինեն, եթե շուկայում կա այլընտրանք, ուղղակի տոկոսադրույքային քաղաքականության ավելի  ճկուն քաղաքականություն վարեն, ինչը նոր արյուն կարող է ներարկել մեր տնտեսության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելեց, որ ռեյտինգավորումն օգնում է նաև ներքին շուկայում գործընթացների ակտիվացմանը: «Նույնիսկ Կենտրոնական բանկը որոշ պահուստային նորմատիվների համար ունի արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք ունեն ռեյտինգավորում»,- ասաց նա:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ ասաց, որ այս վարկանիշի ստացումը նվազեցնում է մասնավոր ընկերությունների ծախսը: «Այս առումով, կարծում եմ, պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլն արել է, երևի պետք է հորդորել մասնավոր ընկերություններին, որ բաց, թափանցիկ ու հաշվետվողական լինեն, որ կարողանան ներգարվեն միջոցներ ու ծավալեն իրենց գործունեությունը», - ասաց ԿԲ նախագահը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեցՙ կառավարությունը պետք է  աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են  վարկանշավորվել: «Մենք պետք է խնդիր դնենք մեր առաջ, որ 2022-2023 թվականներին ամեն ինչ անենք, որ ի հայտ գան նման ընկերություններ», - ասաց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am