Ծովակում սկսվել է կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը

15:52, 13 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեկնարկել են գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը, շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով, Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1,4 միլիարդ դրամ։

 «Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում նախատեսված է ասֆալտապատել 2 800 գծամետր երկարությամբ ճանապարհ եւ 1 000 գծամետր երկարությամբ մայթեր։ Ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 17 հազար 360 քառակուսի մետր։ Կասֆալտապատվեն 1 500 քառակուսի մետր մայթեր։ Շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջերին։ Ծովակի, ինչպես նաեւ մյուս երեք համայնքների համար լուծում է ստացել ամենաառաջնահերթ խնդիրը։ Տասնամյակներ շարունակ մենք ունեինք ներհամայնքային անբարեկարգ ճանապարհներ, որոնց նորոգման համար անբավարար էին մեր միջոցները։ Առհասարակ,  Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր 11 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման շնորհիվ մեր գյուղերում զարգացում կապրեն գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, այլ ոլորտներ»,-ասաց Գարիկ Հակոբյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am