Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը

10:12, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգերի լիգայի խաղարկության 2020-2021 մրցաշրջանի եզրափակիչ խաղում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ իսպանացի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, սակայն գոլային ռեալ պահեր նրանք չստեղծեցին: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները նույնպես գոլային պահեր չունեցան առաջին խաղակեսում:

Ավելի դրամատիկ պայքարում անցավ երկրորդ խաղակեսը: 63-րդ րոպեին ֆրանսիացիները կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն Թեո Էրնանդեսի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Դրանից անմիջապես հետո գրոհի նետվեցին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները, ինչի արդյունքում Միկել Օյարսաբալը բացեց խաղի հաշիվը:

Իսպանացիների ուրախությունը, սակայն, կարճ տևեց: Ֆրանսիայի հավաքականը 68-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

80-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Թեո Էրնանդեսի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն մեն մենակ մնաց դարպասապահի դեմ և դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին:

Մնացած ժամանակահատվածում հիմնականում գրոհում էին իսպանացիները, սակայն խաղը փրկել նրանց չհաջողվեց: Ֆրանսիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը:

Մինչ այդ կայացել էր Ազգերի լիգայի 2020-2021 մրցաշրջանի խաղը երրորդ տեղի համար: Այդ խաղում Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Բելգիայի ընտրանուն: Իտալիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ էին դարձել Նիկոլ Բարելան և Դոմինիկո Բերարդին, իսկ Բելգիայի հավաքականի միակ գնդակը հեղինակել էր Շարլ դե Կետելարեն:

 


© 2009 ARMENPRESS.am