Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցի

16:31, 6 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱԺ-ից՝ նշելով, որ Խորհրդարանի ղեկավարը թեմի առաջնորդի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ՌԴ պաշտոնական այցից:

Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի եւ դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարեւորության շուրջ: Քննարկվել են նաեւ թեմին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am