Լիտվական կողմն աղբի վերամշակման ոլորտում իր փորձը կփոխանցի Հայաստանին

18:25, 4 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ այս ոլորտում Լիտվայի փորձն ու օրինակն օգտակար  կարող է լինել ՀՀ կառավարության համար:

 


© 2009 ARMENPRESS.am