Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց 103-ամյա Թագուհի Իսպիրյանին

20:05, 1 Հոկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց եւ անձամբ շնորհավորեց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից 103- ամյա Թագուհի Իսպիրյանին` Գավառի տարածաշրջանի ամենատարեց բնակչին։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարեն Սարգսյանը շնորհավորել է Թագուհի տատիկին եւ օրվա առթիվ նրան պարգեւատրել դրամով: Զրուցելով մարզպետի հետ` տիկին Թագուհին նշել է, որ ինքն ունի 7 զավակ, 70 թոռ ու ծոռ եւ երկու կոռ: Հիմնական խնդիրը, որը շատ է անհանգստացնում տատին, կապված է տեսողության հետ, որի կարգավորման համար մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ներկայացուցչին` միջամտություն ցուցաբերել եւ աջակցել բուժման կազմակերպման հարցում: Մարզպետ Կարեն Սարգսյանի՝ Թագուհի Իսպիրյանի եւ նրա զավակների հետ ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ընտանիքի թոռը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից զինծառայության զորակոչված Արտյոմ Հակոբի Մկրտչյանը, իր անմիջական մասնակցությունն է ունեցել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում եւ ընկել է հերոսի մահով` կյանքը զոհաբերելով հայրենիքի փրկության սուրբ գործին: Կարեն Սարգսյանն իր զորակցությունն հայտնել հերոսի հարազատներին եւ պատրաստակամություն հայտնել`իր լիազորությունների շրջանակներում աջակցել ընտանիքի անդամներին որոշ խնդիրների կարգավորման հարցում:

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am