Երևանում մեկնարկեց ԱՊՀ երկրների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը

13:00, 1 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը նիստի բացմանը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ ԱՊՀ երկրներին միավորող ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները կարող են նպաստել համատեղ զբոսաշրջային արտադրանքի զարգացմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը երկրների միջև։

Հայ պաշտոնյայի գնահատմամբ՝ առկա պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա ընդհանուր զբոսաշրջային տարածություն ձևավորելու անհրաժեշտությունը գնալով աճում է:

«Զբոսաշրջության կոմիտեն աշխատում է բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ իբրև զբոսաշրջային գրավիչ կենտրոնի: Հայաստանում զարգացած է լեռնային, ձմեռային և էքստրեմալ տուրիզմը: Աշխատանքներ են իրականացվում գինու, փառատոնային, կրոնական, մարզական, առողջարանային, քաղաքային և էկոտուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Հյուրընկալությունը, հարմարավետությունը, լավ տպավորությունները, անվտանգությունը, պատմամշակութային արժեքները և բազմազանությունը հիմնական նախադրյալներն են Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար: Միևնույն ժամանակ, աճում է ընդհանուր զբոսաշրջային տարածություն ձևավորելու անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա: Մեր պետությունների իշխանությունները կարող են դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիվացման վրա: Զբոսաշրջության զարգացումը ԱՊՀ երկրների միջև շատ արդիական է ու կարևոր, քանի որ դա մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության զարգացման և բարեկամության ամրապնդման ամենաարդյունավետ միջոցն է»,- նշեց Արթուր Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՊՀ գործադիր խորհրդին փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը՝ նկատելով, որ սա խորհրդի առաջին հանդիպումն է երկարատև հեռավար շփումներից հետո, շեշտեց, որ, չնայած կորոնավիրուսի համավարակի առաջացրած բոլոր բարդություններին և խոչընդոտներին, գործադիր խորհրդի ակտիվ գործունեությունը մի շարք կարևոր նախաձեռնություններ է ներառել ԱՊՀ օրակարգում, որոնք հաջողությամբ իրագործվել են:

«Վերջին տարիներին Գործադիր խորհուրդը նշանակալի աշխատանք է իրականացրել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ: Այսպես, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման ռազմավարությունը զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ.: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», - արձանագրեց Բեկետժան Ժումախանովը:

ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր ու զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջազգային զբոսաշրջային համագործակցության ռազմավարության նախագծին, զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը, տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր։ Նաև անցկացվել են հիբրիդային ձևաչափով քննարկումներ ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի պետական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը ընդունվել է 2019 թվականին՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակում: 2020 թվականին կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին:


© 2009 ARMENPRESS.am