«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի չարաշահումների քրեական գործը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան

14:53, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների ևս մեկ դրվագի վերաբերյալ քրեական գործը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես կապալառու, կամ խորհրդատվական ծառայություն իրականացնող ներգրավված մի քանի ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների կողմից պարտավորությունների կատարման պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների հանցավոր ծագման աղբյուրը և բնույթը խեղաթյուրելու, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ կերպ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու հանցավոր սխեման: Վերջինս կիրառման արդյունքում պատճառված ընդհանուր վնասը՝ ներառյալ նաև հաշվարկված տույժ-տուգանքները, կազմում է ավելի քան 2.7մլրդ ՀՀ դրամ:  Հանցավոր մեխանիզմի իրացմանը ներգրավվել են նաև ՀՀ ՊԵԿ տեսուչներ:  

Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝

Նախաքննության ընթացքում, որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ. դրամ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է նշված դրվագով մեղարդական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 7 անձի,  ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Վերոնշյալ դրվագով ՀՀ ՊԵԿ տեսուչների մասով նախաքննությունն ավարտվել էր ավելի վաղ, նրանց և ևս մեկ անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ավելի վաղ: 

 «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով բազմաթիվ այլ դրվագներով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, հետևողական դատախազական հսկողության և ղեկավարման ներքո, շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


© 2009 ARMENPRESS.am