Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

12:32, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը սեպտեմբերի 28-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։

Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների  կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:


© 2009 ARMENPRESS.am