Անկախությունը պայքար է, գործ և հնարավորություն. մեկնարկեց Անկախության 30- ամյակին նվիրված գիտաժողովը

12:00, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հանդիսավոր բացումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտաժողովի բացմանը Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ այն կազմակերպվել է Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի արժևորման նպատակով։ Նրա խոսքով` որոշվել է Անկախությունն արժևորել գիտելիքի շրջանառությամբ։

«Անկախության գաղափարն ընկած է հայ ժողովրդի ինքնության հիմքում։ Սկսած Հայկ Նահապետից և Սասունցի Դավթի դյուցազնավեպի ժամանակներից` մեր գոյության ամբողջ ընթացքում Անկախության գաղափարը մեր ինքնության և մեր տեսակի պահպանման, արժևորման ամենահզոր գաղափարն է եղել: Սակայն, կարծում ենք նաև, որ անկախությունը ոչ միայն պայքար է, այլև հնարավորություն է, որպեսզի մենք զարգանանք, ստեղծենք ավելի բարեկեցիկ հայրենիք, որպեսզի ժառանգենք հայրենիքը մեր սերունդներին։ Անկախությունը, կարծում եմ, գործ է», - ընդգծեց թանգարանի տնօրենը։

[gallery id= 65153]

Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովը կտևի երեք օր` սեպտեմբերի 28-30-ը։

Դավիթ Պողոսյանը տեղեկացրեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 80 զեկուցող։ Գիտաժողովին ներկայացված զեկույցներն ու նյութերը հրատարակվելու են «Հայաստանի պատմության թանգարանի աշխատություններ» խորագրի ներքո։

 

 


© 2009 ARMENPRESS.am