Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

18:09, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:

Նշվում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին:

«ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին»,-ասված է հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը:

 


© 2009 ARMENPRESS.am