ՀՀ նախագահը Թուրքմենստանի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

16:31, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Թուրքմենստանը շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր ուղին:

Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների դարավոր կապերը և բարեկամության ջերմ ավանդույթները հաստատուն հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և առկա ներուժի լիարժեք իրացման համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»: 


© 2009 ARMENPRESS.am