COVID-19-ը հանգեցրել Է պատերազմի ժամանակներից ի վեր կյանքի տեւողության առավելագույն կրճատման

14:37, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակը 2020 թվականին հանգեցրել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր կյանքի տեւողության ինդեքսի առավել մեծ տարեկան կրճատման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Financial Times-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգների հետազոտությունը:

«Այնպիսի արեւմտյան երկրների համար, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիայի Անգլիան եւ Ուելսը, վերջին անգամ կյանքի տեւողության նման զգալի մասշտաբի տարեկան կրճատում դիտվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,-հայտնել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Խոսե Մանուել Աբուրտոն:

Սոցիոլոգներն ուսումնասիրել են 29 երկրի տվյալները եւ հայտնաբերել, որ դրանցից 22-ում կյանքի տեւողությունը կրճատվել Է ավելի քան վեց ամսով:

Կանանց մոտ վեց երկրներում եւ տղամարդկանց մոտ 11 երկրներում կյանքի տեւողության կրճատումը կազմել Է ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ կյանքի տեւողության ցուցանիշի անկում Է գրանցվել 27 երկրներում:

«Այդ երկրներին հինգ-վեց տարի Է պահանջվել մեկ տարով կյանքի տեւողությունն ավելացնելու համար: Ձեռք բերված առաջընթացն ի չիք Է դարձել 2020 թվականին COVID-19-ի համավարակի պատճառով»,-ընդգծել Է Աբուրտոն:

Կյանքի տեւողության կրճատումն ավելի շատ վերաբերել Է տղամարդկանց, քան կանանց. ԱՄՆ-ում՝ 2,2 տարով 2019 թվականի համեմատությամբ: Տղամարդկանց շրջանում կյանքի տեւողության ամենամեծ կրճատմամբ երկրորդ տեղում Լիտվան Է, այնտեղ տարեկան հաշվարկմամբ անկումը կազմել Է շուրջ 1,7 տարի:

ԱՄՆ-ում կանանց կյանքի տեւողությունը կրճատվել Է 1,65 տարով՝ 2019 թվականի համեմատությամբ: Հետազոտողները նշում են, որ ԱՄՆ-ում աշխատունակ տարիքի մարդկանց շրջանում մահացությունն ավելացել Է այն դեպքում, երբ Եվրոպայում մահացության ավելացումը մեծ մասամբ վերաբերել Է 60-ից բարձր տարիքի անձանց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am