«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները՝ Դուբայում. համերգներ, վարպետաց դասեր

12:35, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները սեպտեմբերի 4-23-ը Դուբայում մասնակցել են InClassica  միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) վարպետության դասերին:

Կրթաթոշակառուները, որոնք շատ ոգևորված են և տպավորված դասընթացներից, հնարավորություն են ունեցել նաև հանդես գալու կատարումներով և վայելելու հեղինակավոր նվագախմբերի, մենակատարների ելույթները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ դասերին մասնակցել է տասը կրթաթոշակառու: Հիմնադրամը,  կազմակերպել է նաև 6 դաշնակահարի մասնակցությունը դասընթացներին: Ժյուրիի ընտրած դաշնակահարները պետք է մասնակցեին 2020 թվականին Մալթայի դասական երաժշտության ակադեմիայի վարպետության դասերին, բայց համավարակի պատճառով նրանց մասնակցությունը հետաձգվել էր:

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, որի նախաձեռնությամբ անցկացվում է InClassica փառատոնը, ահռելի աշխատանք է կատարել այս 1,5 տարվա ընթացքում: Նրանք կարողացել են ընդամենը երեք ամսում Դուբայ տեղափոխել փառատոնը, ակադեմիան, որոնք պետք է կազմակերպվեին Մալթայում: Այն, ինչ տեսնում ենք այս օրերին, ֆանտաստիկ է: Այստեղ են աշխարհի բարձրակարգ արտիստները, լավագույն նվագախմբերը, որոնք հանդես են գալիս Դուբայի լավագույն դահլիճներում: Մեր երեխաների համար սա շատ մեծ հնարավորություն է. և՛ լսել կատարումներ, և՛ մասնակցել դասընթացների»,- շեշտեց Աննա Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի կրթաթոշակառուները դասերին հաղորդակցվել են այնպիսի ականավոր պրոֆեսորների հետ, ինչպիսիք են ջութակահարներ Պավել Վերնիկովը, Բորիս Կուշնիրը, Դանիել Հոփը, Սերգեյ Դոգադինը, Հայկ Ղազազյանը, Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Ջուլիանո Մազոկանտեն, Հեյ-Յանգ Քիմը, Ստեփան Սիմոնյանը, թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը, Անդրեյ Շամիդանովը, տրոմբոնահարներ Նատալ Բիկովը, Վասիլի Կոզլովը, շեփորահար Վլադիսլավ Լավրիկը, հոբոյահարներ Լիոր Միշելը, Պավել Օրլովը, գալարափողահարներ Հագայի Շալոմը,  Վադիմ Շվեդչիկովը, կլարնետահար Սերգեյ Ելեցկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը և այլք:

«Պավել Գիլիլովը լավագույն պրոֆեսորներից է և դասավանդում է Զալցբուրգի երաժշտական ակադեմիայում: Նա հոկտեմբերին կժամանի Հայաստան, որտեղ հիմնադրամի ծրագրերի շրջանակում ևս վարպետության դաս կանցկացնի: Նշանակալի էին փողային գործիքներ նվագողների համար կազմակերպված վարպետության դասերը, որոնք աշխարհում քիչ են: Ես շատ շնորհակալ եմ Կոնստանտին Իշխանովին, որն ընդառաջ գնաց մեզ ու  հատուկ մեր հոբոյահարների, ֆագոտահաների, շեփորահարի, տրոմբոնահարի և գալարափողահարի համար նման դաս նախաձեռնեց»,- ընդգծեց հիմնադրամի տնօրենը, որը ներկա է եղել դասերին և փաստում է՝ կրթաթոշակառուները շատ տպավորված են:

«Հիմնադրամը մասնագետների հետ նաև Հայաստանում դասընթացներ կազմակերպելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Այդպես կկարողանանք իրականացնել այն առաքելությունը, որի համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել ենք հիմնադրամը: Ձգտում ենք պատանի երաժիշտներին կրթվելու, զարգանալու հնարավորություն տալ, որովհետև ունենք շատ տաղանդավոր սերունդ. այդ են փաստում վարպետության դասեր անցկացրած բոլոր պրոֆեսորները՝ նշելով, որ Հայաստանն ունի մեծ ներուժ, սակայն պետք է պատանի երաժիշտներին օգնել որակյալ կրթություն ստանալ, զարգանալ, իսկ բարձրակարգ մասնագետների հետ հանդիպելը, համերգներին մասնակցելը մեծ ճանապարհ է նրանց համար»,- հավաստիացրեց Աննա Տեր-Հովակիմյանը:

Կրթաթոշակառու Միհրան Առաքելյանը խոստովանեց, որ վարպետության դասերին իրեն հատկապես տպավորել է հանրահայտ շեփորահար Վլադիսլավ Լավրիկի դասը:

Տիգրան Գասպարյանը, որը հոբոյ է նվագում, նշեց, որ շատ շնորհակալ է հիմնադրամին, որի աջակցությամբ եկել է Դուբայ և կարող է ունկնդրել հրաշալի համերգներ ու մասնակցել վարպետության դասերի: «Ինձ շատ է դուր եկել Լիոր Միշելի դասը:

Դաշնակահար Գուր Սարգսյանին գրավել են վարպետության դասերը, որոնք թույլ են տվել հասկանալու, թե ինչպես է հնարավոր ճիշտ աշխատել տեխնիկայի կատարելագործման ուղղությամբ և հետագայում առավել լավ նվագել:

«Մենք չէինք պատկերացնում, որ մեզ հնարավորություն կտրվի լսելու նման հայտնի ու բարձրակարգ նվագախմբերի կատարումները, հաղորդակցվելու փորձառու մասնագետների ու երաժիշտների հետ: Բոլորս շատ-շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Միայն ունկնդրելն անգամ մեզ շատ բան է տալիս»,- շեշտեց ջութակահար Ասյա Անիսիմովան:

Middle East Classical Music Academy-ն անցկացվել է InClassica միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:

Հիմնադրամի կրթաթոշակառուներին ու դաշնակահարներին հնարավորություն է ընձեռվել ունկնդրելու InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները: Փառատոնի ընթացքում երաժշտական այս խոշորագույն իրադարձությանը մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող 37 կատարող, 8 առաջատար նվագախումբ, 12 դիրիժոր։ Փառատոնն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենանշանակալի հարթակներում՝ Դուբայի օպերային թատրոնում և Coco-Cola Arena-ում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2021/2022 թթ. կրթաթոշակառուները հայտնի կդառնան արդեն այս ամսվա վերջին: Հիմնադրամը նախապատրաստում է այլ կրթական կարևոր ծրագրեր, որոնց մասին hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և կրթական ծրագրերի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը կհայտարարի սեպտեմբերի վերջում:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am