Կարող ենք պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում. Մարուքյան

10:54, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ կազմակերպված, հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը կարող է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հարցով պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանն այս մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Մեկ տարի անց ես որևէ զգացողություն չունեմ, որ դասեր են քաղվել, չենք կարող ասել, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի այնպիսի հուն, որտեղ բոլորն անկեղծ են և ասում են, թե ինչու է այս ամենը եղել, չկան այդպիսի քննարկումներ ընդհանրապես: Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց՝ հարձակումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրով՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Ըստ նրա՝ այն սպառնալիքները, որ կան ուղղված Հայաստանի պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ, չեն վերացել, այսօր էլ կախված են երկրի գլխին:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հնարավոր երկխոսություն սկսելու մասին հարցին՝ Մարուքյանն ասաց. «Կարևոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից: Եվ այդ երկրները (Ադրբեջանը, Թուրքիան-խմբ.) ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով»:

Ըստ նրա՝ հարևանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունն ամրացնելն՝ այլ բան.  «Հարևանի հետ խոսելը չի խանգարում բանակն ամրացնել: Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ,  տնտեսությունդ վերականգնի, երկրիդ ներքին ուժը կենտրոնացրու, սահմաններդ ամրացրու, խրամատներդ փորի, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես խոսում»:

Մարուքյանի խոսքով՝ դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել: Նա նշեց, որ իրենք իրենց ունեցած բոլոր հարթակներով էլ շարունակում են ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Արցախի և Հայաստանի դեմ:

«Ես կարծում եմ, որ մենք, եթե լավ կազմակերպված, հետևողական լինենք, կարող ենք նաև պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, տարբեր ուղղություններում»,-ասաց նա:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցը:


© 2009 ARMENPRESS.am