Բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

10:32, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի տարելիցի առիթով այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 44-օրյա պատերազմի զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Զինվորական պանթեոն է այցելել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական գործիչներ:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցը: Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է ամբողջությամբ վերադարձել հայ գերիներին:


© 2009 ARMENPRESS.am