Ստոլտենբերգը և Բորելը բանակցություններ են վարել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ

17:35, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսային բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների միջև լարվածության աճի ֆոնին, տեղեկացնում է «Արմենպրես»- ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բելգրադի և Պրիշտինայի համար կենսականորեն կարևոր է զսպվածություն դրսևորելը և երկխոսության վերադառնալը», - բանակցությունների արդյունքներով Twitter-ում գրել է Ստոլտենբերգը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ KFOR միջազգային զորախմբի խնդիրը նախկինի պես անվտանգ և հանգիստ իրադրության ապահովումն է, ինչպես նաև բոլորի համար ազատ տեղաշարժի ապահովումը:

Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում մատնանշել է նրանց պատասխանատվությունը տեղի բնակչության անվտանգության և բարեկեցության համար: «Կոսովոն և Սերբիան պետք է լուծումներ գտնեն իրավիճակը լիցքաթափելու համար, պայմանավորվեն հետագա գործողությունների մասին։ ԵՄ-ն ակտիվորեն կաջակցի նման ջանքերին», - ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ։


© 2009 ARMENPRESS.am