Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության  4 նոր դեպք

15:03, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության  4 նոր դեպք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 հազար 956 քաղաքացու հետազոտություն, որից 1137-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,-ասված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am