Անչափահասի կողմից դանակահարություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

14:26, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժնում ավարտվել է 17-ամյա պատանու կողմից կատարված դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 2003թ., Գ.Նժդեհ փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանել է բնակիչներից մեկի հետ՝ չհայհոյելու և ավտոմեքենայի ձայնարկիչի ձայնը իջեցնելու հարցի շուրջ:

Չհանդուրժելով բնակչի կողմից իրեն արված դիտողությունը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, պատանին իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել բնակչի որովայնին և ձախ ոտքին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամաբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am