Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ խոսել են տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին

17:24, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում են ունեցել Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսի և Եվրոպական հարաբերությունների հատուկ մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գրասենյակից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ և հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերություններին, որոնք էլ կանխորոշել են ներկա ռազմավարական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում սերտ համագործակցությունը:

Խորհրդարանականները խոսել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ անելիքների, և այս համատեքստում` համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ կողմերը նաև կարևորել են միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության շարունակականությունն ու խորհրդարանական կապերի հետագա զարգացումը:

Պատգամավորներն Աթենքում են գտնվում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հունաստանի և Իտալիայի խորհրդարանները:


© 2009 ARMENPRESS.am