ԵԱՀԿ ՄԽ շրջանակում պետք է քննարկել մի կարևոր հարց՝ ԼՂ կարգավիճակի հարցը. Արմեն Գրիգորյան

13:13, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բոլոր համանախագահների կողմից էլ հայտարարություն է եղել, որ պետք է  վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում։ Եվ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում պետք  է քննարկել մի կարևոր հարց՝ կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, և այդ հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարծում ենք, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակն ենք քննարկելու: Ադրբեջանի հայտարարությունները (խմբ. - Ալիևի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում) անհասկանալի են »,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։ 


© 2009 ARMENPRESS.am