Շվեդական Ազգային դատարանների վարչությունը նախատեսում է իրականացնել ՀՀ դատարանների կարողությունների զարգացման ծրագիր

19:13, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է շվեդական Ազգային դատարանների վարչության պատվիրակությանը։ Վերջինս Հայաստանում նախատեսում է ծրագիր իրականացնել դատարանների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, փոխնախարար Գրիգորյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում են  հակակոռուպցիոն ու դատաիրավական բարեփոխումների հետևողական իրականացումը։ «Հատկապես կարևորվել է դատական իշխանության բարեվարքության ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման և հաղորդակցության կարողությունների զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Փոխնախարարը շեշտել է, որ նշված առաջնահերթությունների վերջնանպատակը դատարանների նկատմամբ հանրային վստահության առավել բարձր մակարդակի ապահովումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները ներկայացրել են մշակվող ծրագրի մանրամասներն ու ժամկետները: Քրիստիննե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել, որ նախարարության բոլոր առաջնահերթություններն արտացոլված են շվեդական կողմի առաջարկություններում և այդ համատեքստում ընդգծել է նաև Արդարադատության ակադեմիայի հետ նախանշվող համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցությունը զարգացնելու նպատակով։

 


© 2009 ARMENPRESS.am