Չլիցենզավորված կազմակերպություններում տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի. ՏԿԵՆ-ի նախագիծը

16:14, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տրանսպորտային միջոցներում գազաբալոնների տեղադրման գործընթացը խստացվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրել է նախագիծ, որը ենթադրում է մի շարք փոփոխություններ գազաբալոնների տեղադրման ոլորտում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵ նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը նշեց, որ նախ գազաբալոններ տեղադրող կազմակերպությունները բերվելու են լիցենզավորման դաշտ և խստացվելու են լիցենզավորման պահանջները: Մասնավորապես, ոլորտում գործող կազմակերպությունների համար սահմանվելու են արտադրական բազաների կահավորման, արտադրական բազաներում իրականացվող աշխատանքների, բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմին վերաբերող միասնական պահանջներ:

«Օրենսդրական նոր փոփոխություններով նախատեսվում է նաև ստեղծել ավտոմոբիլներում տեղադրված գազաբալոնների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարան: Լիցենզավորված կազմակերպությունները շտեմարանում մուտքագրելու են ինչպես գազաբալոնի տեղադրման հետ կապված, այնպես էլ դրանց հերթական վկայագրման, այսինքն՝ ստուգման, ժամկետների վերաբերյալ տվյալները»,-ասաց Արայիկ Ստեփանյանը:

Այդ էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն են ունենալու ինչպես համապատասխան պետական գերատեսչություններն, այնպես էլ գազալցման կայանները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ գազալցակայնները պետք է ունենան համապատասխան կահավորում, որպեսզի կարողանան տեղում նույնականացնել ավտոմեքենաների գազաբալոնների ինչպես տեղադրման, այնպես էլ պարբերաբար ստուգման տվյալները: Եթե ավտոմեքենայի գազաբալոնի տվյալները չկան շտեմարանում, ապա գազալցակայանն իրավունք չունի կատարել լիցքավորում:

«Ասեմ, որ հաջորդ տարի՝ փետրվար ամսից, ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են տուգանքներ ինչպես լիցենզավորված կազմակերպությունների, այնպես էլ գազալցակայանների կողմից կատարվող խախտումների դեպքում:  Տուգանքները նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով են»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ այսպիսի օրենսդրական փոփոխություններով փորձում են հասնել նրան, որ նախ շրջանառությունից դուրս գան բոլոր այն գազաբալոնները, որոնք գործածության համար պիտանելի չեն, ինչպես նաև գազաբալոնների պարբերական վկայագրմամբ հնարավորինս նվազեցնեն պայթյունների ռիսկերը:

«Գազալցակայաններում և լիցենզավորված կազմակերպություններում հսկողություն իրականացնելու է համապատասխան տեսչական մարմինը: Լիցենզավորված կազմակերպությունները պատասխանատվության կենթարկվեն տվյալները կեղծելու պարագայում, գազալցակայաններն էլ կտուգանվեն, եթե առանց գազաբալոնի տվյալները նույնականացնելու՝ կատարեն լիցքավորում»,-ասաց նա

Այս փոփոխությունները մյուս կողմից կնպաստեն, որ վարորդներն այլևս ավտոմեքենայում գազաբալոնի տեղադրումը չանեն ծանոթի, բարեկամի մոտ՝ առանց օրենքով սահմանված պահանջները պահպանելու:

«Ինչ իմաստ կունենա գազաբալոնը տեղադրել չլիցենզավորված կազմակերպության մոտ, եթե այդ գազաբալոնը չի լիցքավորվելու գազալցակայններում»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծը ներկայում կառավարությունում է: Նախատեսվում է այն ընդունել մինչև տարեվերջ:


© 2009 ARMENPRESS.am