Գեղարքունիքի մարզպետը  «Մարտական ծառայություն» պետական պարգեւներ հանձնեց Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին

16:06, 23 Սեպտեմբեր, 2021

 ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ծովինար համայնք, որտեղ ԱՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներ հանձնեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար պարգեւատրված Սիմոն Ավետիսի Մելքոնյանին եւ Արգիշտի Ալֆենդրի Օհանյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին զինծառայողներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության եւ խիզախության համար: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց նաեւ պարգեւի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:

Նույն համայնքում Գեղարքունիքի մարզպետն այցելեց եւ Ռոբերտ Սարգսի Աբրահամյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը հանձնեց նրա ծնողներին: Կարեն Սարգսյանը հիշատակի եւ երախտագիտության խոսքեր հնչեցրեց հերոսացած Ռոբերտ Աբրահամյանի հասցեին, խոսեց նրա մարտական գործողությունների, ցուցաբերած արիության մասին՝ նշելով, որ նման տղաների անձնուրացության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք 30-ամյա անկախ Հայաստանի Հանրապետություն:

Գեղարքունիքի մարզպետը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների շրջանակում աջակցել անմահացած զինծառայողների ընտանիքներին:

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am