Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցի մի հատվածը
16:01, 23 Սեպտեմբեր, 2021ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են Նարեկացի փողոցի մի հատվածի շինարարական աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 56 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
«Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսի սկզբին եւ ավարտվել սեպտեմբերի առաջին օրերին։ Ճանապարհը, որը տանում է դեպի ավագ դպրոց, արդեն հիմնանորոգված է շուրջ 270 գծամետր երկարությամբ եւ 3 000 քառակուսի մետր մակերեսով։ Հիմա ճանապարհի այդ հատվածը լիովին հիմնանորոգված է, հետիոտնային ու տրանսպորտային կապը հիմնովին բարելավված։ Այս ծրագիրը կենսական նշանակություն ուներ մեր քաղաքի համար, որն իրականացավ ՀՀ կառավարություն և Մարտունի համայնք համագործակցության արդյունքում»,- նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am