Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակն ավելացել է ևս 47-ով

15:47, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ մանրամասնելով, որ  Հիմնադրամի հիմնական շահառուների քանակն, այսպիսով, դարձել է 4439: Նրանցից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։


© 2009 ARMENPRESS.am