ՀՀ և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին

10:18, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը։ Փոխգործակցության հետագա խորացման տեսանկյունից կարևորվել է Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը։ Տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են հայ-սերբական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Սերբիա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրատապությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ընդգծվել է խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

 

 


© 2009 ARMENPRESS.am