Աստղաձորում կառուցվում է 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան

19:40, 22 Սեպտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի վարչական տարածքում կառուցվում է 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Աստղաձոր   համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, կայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին եւ կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Կայանի կառուցման հայտ են ներկայացրել երեք ընկերություն՝ «Բարի արեւ», «Ա-Ս էներջի»,   «Պրոմսան» ընկերությունները։

«2021 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ երկու ընկերություններին պատկանող կայաններում շինարարական աշխատանքներն ավարտված են մոտ ութսուն տոկոսով, իսկ մեկ ընկերության կայանում՝ 20 տոկոսով։ Հաջորդ տարվա ընթացքում երեք կայաններն էլ պատրաստ կլինեն շահագործման։ Շինարարության ընթացքում մեր համայնքում բացվել է ժամանակավոր աշխատատեղ, իսկ կայանի շահագործումից հետո կբացվի 30 հիմնական աշխատատեղ։ Հուսով ենք, որ առաջիկայում Աստղաձորում կավելանան արեւային ֆոտովոլտային կայանների հզորությունները, կայանների կառուցման հայտեր կներկայացնեն նոր ընկերություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նոր կայանների կառուցման համար ունենք համապատասխան տարածքներ»,-ներկայացրեց Ռոբերտ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am