Աժ պաշտպանության հարցերով հանձնաժողովում կձևավորվի Սյունիքի խնդրով զբաղվող աշխատանքային խումբ  

15:11, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մյուս շաբաթվա համար ձևավորվում է աշխատանքային խումբ Սյունիքի սահմանային իրավիճակին ծանոթանալու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջարկի:

«Աշխատանքային խումբը ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Սյունիքում»,- ասաց Քոչարյանը:

Ավելի վաղ նույն առաջարկությամբ հանդես էր եկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նշել էր, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր՝ սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար:


© 2009 ARMENPRESS.am