Ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները. Արցախի ԱԺ նախագահ

13:36, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ:

«Սիրելի΄ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան  անկախության 30-ամյա տարեդարձը:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը: Անկախության կերտման ճանապարհն ուղեկցվել է աշխարհաքաղաքական շահեր հետապնդող բազում մարտահրավերներով, ձեռքբերումներով, նվաճումներով և, ցավոք, անդառնալի կորուստներով:

Գլուխ ենք խոնարհում անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի առջև: Նրանց անունները մեկ առ մեկ կդաջվեն ոչ միայն քարե արձանագրություններում,այլև յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում: Մի շարք հարցերի պատասխան կտա պատմությունը, իսկ այսօր ուզում եմ ընդգծել, որ պետք է ունենանք  բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները:

Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախությունը, ամենքս մեր ուժերի ներածին չափով նպաստենք անկախ երկրի պաշտպանության, հզորացման ու բարգավաճման գործընթացին:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։ Հարատև խաղաղություն, առաջընթաց և հաստատակամություն հայ ժողովրդին»,-ասված է ուղերձում:

 


© 2009 ARMENPRESS.am