Կամերային երաժշտության կենտրոնը համերգով կնշի Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրը

13:11, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը համերգ կնվիրի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկայանա համերգ, որում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում կոմիտասյան ստեղծագործություններն են։

Համերգի համար ընտրված Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է, հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կառույցներից։

Իր երկարատև պատմության ընթացքում տաճարը մի քանի անգամ նորոգվել է (նույնիսկ վերածվել ամրոցի` առանձին հատվածներում շրջապատվելով պաշտպանական պատերով), սակայն անաղարտ պահպանել է իր նախնական նկարագիրը:

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել մեր երկրի կարևորագույն պատմամշակութային կոթողների վրա, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել մեր երաժշտության «անմահ ձայնապետ» (Ե. Չարենց) Կոմիտաս Վարդապետին։

 

 


© 2009 ARMENPRESS.am