Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության տոնի առիթով

11:32, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆՍՕՏՏԳարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, և կոչ արել համազգային միասնականությամբ պաշտպանել ու պահպանել թանկ գնով ձեռք բերված անկախությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման 30-ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։ Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր»,- նշել է Գարեգին երկրորդը։

Նա նաև ընդգծել է, որ հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է և հայոց եկեղեցին դարերի ընթացքում մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը հայի զավակների հոգիներում, օրհնել ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։

«Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։ Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։ Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. Ամեն»,- նշել է կաթողիկոսը։

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարվել է Հանրապետական մաղթանք։

 


© 2009 ARMENPRESS.am