ՀՀ նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

10:28, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով սիրված դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի մահվան մասին։ Մոտ վեց տասնամյակ իր դերասանական հարուստ և բովանդակալից կյանքն անցկացնելով Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում՝ նա իր վառ անհատականությամբ ստեղծեց մնայուն կերպարներ, որոնց միացան նաև նրա փայլուն դերերը հայ կինոյում։

Ինքնատիպ դերասանական խաղը և բեմական վարպետությունը, որ տասնամյակներ շարունակ համադրվում էին Ժենյա Ավետիսյանի և նրա երջանկահիշատակ ամուսնու՝ տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կերտած կերպարներում, կշարունակեն մնալ հանդիսատեսի հիշողության մեջ։

Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում անվանի դերասանուհու ընտանիքին ու հարազատներին, արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է ՀՀ նախագահը:


© 2009 ARMENPRESS.am