Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը

09:25, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։ Արդեն 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները:

Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները կլինեն մի փոքր այլ ձևաչափով՝ կապված 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հետ։ Միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 9:00-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, Նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն, ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր Երևանի տարբեր փողոցներով, իսկ երեկոյան կլինի համերգ, որտեղ կհնչի դասական երաժշտություն։ Հրավառություն չի նախատեսվում։

Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:


© 2009 ARMENPRESS.am