Արցախի նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանի ցեմենտի նորաբաց գործարան

12:40, 19 Սեպտեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հետպատերազմյան ժամանակաշրջանում իրականացված շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի արդյունքում, ընկերության պատասխանատուների հավաստմամբ, տարեկան կարտադրվի 60-65 հազար տոննա բարձրորակ ցեմենտ, ինչպես նաև աղյուս, բետոնից և գազաբետոնից տարբեր շինանյութեր, որոնք մեծ պահանջարկ ունեն տեղական շուկայում: Գործարանը հագեցած է ժամանակակից հոսքագծերով և աշխատանքներն ամբողջ ծավալով կսկսի ընթացիկ տարվա նոյեմբերին՝ ապահովելով մոտ 100 աշխատատեղ՝ 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Ըստ աղբյուրի՝ Արցախի նախագահը ողջունել է ընկերության նախաձեռնությունը, ընդգծել, որ նախանշված ծրագրերը, ամբողջ ծավալով իրագործվելու պարագայում, հայրենական տնտեսության զարգացման գործում որոշիչ նշանակություն կարող են ունենալ:

 

 


© 2009 ARMENPRESS.am