Ահաբեկչական կիբերհարձակում է իրականացվել Վենեսուելայի ֆինանսական համակարգի վրա

15:24, 18 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, ինչի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վենեսուելայի կառավարությունը:

«Վենեսուելայի կառավարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին ահաբեկչական հարձակում է իրականացվել ազգային ֆինանսական համակարգի վրա, ավելի հստակ՝ երկրի խոշորագույն բանկի՝ Banco de Venezuela-ի տեխնոլոգիական հարթակի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Հարձակման պատճառով հաճախորդները չեն կարողացել որևէ գործողություն կատարել: Կառավարության հաղորդմամբ՝ հարձակման նպատակը եղել է բանկային տվյալների ոչնչացումն ու փոփոխումը:

Մասնագետներն արդեն սկսել են համակարգի վերականգնողական աշխատանքները:

 


© 2009 ARMENPRESS.am