«Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:49, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել է 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքը պատահել է սեպտեմբերի 17-ին։

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 25 փրկարար ծառայող։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են»,- հայտնում են ԱԻՆ-ից։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել էր․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։

Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։

Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվել է մոտ 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող: Այժմ սահմանվել է հերթապահություն։


© 2009 ARMENPRESS.am