Արցախի ԱԱԾ-ն հերքում է իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը

21:28, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ լուրերը տարածվել են արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով։

«Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը»,- նշում են Արցախի ԱԱԾ-ից։

Կառույցից հայտնում են նաև, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը «Ազգային անվտանգության մարմինների մասին» ԱՀ օրենքով սահմանված գործառույթների շրջանակում և հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցության շրջանակում իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։

 

 


© 2009 ARMENPRESS.am