Էրդողանը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին կներկայացնի իր նոր գիրքը

14:32, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նոր գիրքը կներկայացնի այն երկրների ղեկավարներին, որոնց հետ կհանդիպի ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի շրջանակում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի հեղինակած նոր գիրքը կոչվում է «Հնարավոր է ավելի արդար աշխարհ»:

Գիրքը թուրքերենից թարգմանվել է անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:

Թուրքիայի ղեկավարն իր աշխատանքում մատնանշում է գլոբալ քաղաքականության երկընտրանքները, մասնավորապես՝ անարդարությունը, միգրացիոն ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը և իսլամաֆոբիայի խնդիրը, ինչպես նաև ՄԱԿ -ի օրինակով բացահայտում է աշխարհում առկա խտրականությունն ու երկակի չափանիշները:

Հեղինակը ուշադրություն է հրավիրում ՄԱԿ –ում առկա այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են օրինականությունը, կարողությունները, արդյունավետությունը, ներառականությունը, ներկայացուցչությունը և կառավարումը:

Գրքում Թուրքիայի նախագահը շեշտում է նաև ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը:

Էրդողանը սեպտեմբերի 19-ին կմեկնի Նյու Յորք`մասնակցելու ՄԱԿ –ի գլխավոր ասամբլեային եւ մի շարք այլ միջոցառումների:


© 2009 ARMENPRESS.am