Դա երկար ամիսների փաստահավաք աշխատանքի արդյունք էր. Տիգրանյանը՝ ՀՀ-ի ներկայացրած գանգատի մասին

13:38, 17 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի ՀՀ-ի ներկայացրած գանգատը կունենա իր տրամաբանական ավարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկար ամիսների, քրտնաջան փաստահավաք աշխատանքի արդյունքն էր: Այդ աշխատանքներն իրականացել են լռելյայն, առանց հանրությանն ավելորդ ցնցումների մեջ գցելու՝ տարբեր ասուլիսների միջոցով, քարտեզագրվել են բոլոր այն խախտումներ, որոնք թուլ են տրվել Ադրբեջանի կողմից»,- ասաց Տիգրանյանն ու դրական գնահատեց Հայաստանի այդ գործողությունները:

Նա նշեց՝ չէր բացառվում, որ Ադրբեջանն էլ կներկայացնի նման գանգատ: Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերը շատ ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական իր ավարտը»,-նշեց Տիգրանյանը:

Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: Ադրբեջանը հայտնել է, թե նույն հիմքով հայց են  ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Հայաստանի:


© 2009 ARMENPRESS.am