Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրելու է Լևոն Հայրապետյանի անունը

18:37, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ոլորտի գերատեսչության նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, սպորտի երախտավորներ:

Լևոն Հայրապետյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահն էր, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրենը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ:

«Լևոն Հայրապետյանն իսկապես նվիրյալ էր, նա ապրում էր այս մարզաձևով և դպրոցն իր տունն էր համարում: Արդարացված որոշում է մարզադպրոցն այսուհետ նրա անունով կոչելը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ կրթօջախին մաղթելով նոր նվաճումներ և չեմպիոններ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը աջակցության և դպրոցն ի պատիվ Լևոն Հայրապետյանի անվանելու համար: Նա նշել է, որ այն հիմնադրվել է 1983 թվականին և մինչ օրս տվել է աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ:

Ցուցանակի բացման արարողությանը հաջորդել են Լևոն Հայրապետյանի անվան 2-րդ հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը «Գազպրոմ Արմենիա»-ի ուսումնասպորտային համալիրում:

Մրցագորգում ելույթ են ունեցել մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Արցախից և Հայաստանի մարզերից ու Երևանից: Կարեն Գիլոյանը մարզիկներին մաղթել է թեժ մրցակցություն:

Հայկական սպորտի զարգացման, սամբո մարզաձևի հանրահռչակման, սամբոն՝ որպես օլիմպիական մարզաձև ճանաչելու գործում ունեցած աջակցության համար ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին ֆեդերացիայի կողմից հանձնվել է շնորհակալագիր:


© 2009 ARMENPRESS.am