Քաբուլը բաժանեց ՇՀԿ-ի անդամ երկրներին. կազմակերպության մասնակիցներն աֆղանական հարցում տարբեր մոտեցումներ ունեն

09:15, 16 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեում սեպտեմբերի 17-18-ը կկայանան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովները՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Նրանք կքննարկեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: ՇՀԿ-ի մասնակիցները տարբեր կերպ են վերաբերվում այդ երկրում տեղի ունեցած իրադարձություններին: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել են մեկնել Դուշանբե: Նրանք կմասնակցեն օնլայն նիստին, որպեսզի, ըստ փորձագետների, կոնֆլիկտ չստեղծեն, քանզի Աֆղանստանի հարցում հակադիր դիրքորոշումներ ունեն: Օնլայն ռեժիմով կաշխատի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսպիսի պայմաններում աֆղանական խնդրի վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցումը դժվար թե հնարավոր լինի:

ՇՀԿ-ն 20-ամյակը կնշի իր շարքերում տասներորդ պետության՝ Իրանի ընդգրկմամբ: Թեհրանը դեռ 2005 թ. դիտորդի կարգավիճակով միացավ դաշինքին: Իսկ 2008 թ. հայտ ներկայացրեց՝ մշտական անդամության կարգավիճակ ստանալու համար: Սակայն միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանին չկարողացան ընդունել կազմակերպության կազմում: Հնարավորություն առաջացավ 2015 թ., երբ Թեհրանը համաձայնվեց սահմանափակել իր միջուկային ծրագիրը: Բայց այդ ժամանակ հայտն արգելափակեց Տաջիկստանը՝ Իրանին մեղադրելով Տաջիկստանի իսլամական վերածննդի կուսակցությանն աջակցելու, ինչպես նաեւ ահաբեկչական ակտերի կազմակերպմանն անուղղակի մասնակցության մեջ: Այսօր այդ երկրների հարաբերությունները վերադարձել են բարեկամական հուն, եւ առաջին պաշտոնական այցով Դուշանբե կժամանի Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին:

«ՇՀԿ-ի կազմի մեջ մտնելն Իրանին դիվանագիտական լրացուցիչ փաստարկներ կտա Արեւմուտքի հետ հարաբերությունների ողջ կոմպլեքսում: Մասնավորապես՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում եւ պատժամիջոցների չեղարկման հարցում: Վերջինը հատկապես կարեւոր է, քանի որ պատժամիջոցներն արգելակում են երկրի զարգացումը: ՇՀԿ-ին անդամությունը թույլ կտա հարցի շուտափույթ լուծման հույս տածել: Բացի դրանից, կազմակերպությունը դաշինքի անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորություն կտա: Եվ նույնիսկ, հնարավոր է, Թեհրանը կփորձի առաջ մղել իր ոչ տնտեսական նախաձեռնությունները»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի գծով փորձագետ Ալեքսանդր Կնյազեւը:

Իրանում ՌԴ-ի դեսպան Լեւոն Ջագարյանը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Մոսկվան աջակցում է ՇՀԿ-ի անդամության վերաբեյալ Թեհրանի հայտին: «Մենք ունենք մտերիմ, իսկ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերում՝ համընկնող դիրքորոշումներ»,- նշել է Ջագարյանը:

Կնյազեւի կարծիքով՝ ՇՀԿ-ն իր գոյության 20 տարվա ընթացքում դարձել է երկխոսության հարմար հարթակ տարբեր խնդիրների քննարկման համար: Միեւնույն ժամանակ ընդունված որոշումները խիստ պարտադիր չեն նրա մասնակիցների համար:

Իրանը տարածաշրջանային կարեւոր խաղացող է եւ կարող է ազդել Քաբուլի նկատմամբ ընդհանուր որոշումների վրա: Թեհրանի մոտեցումը համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ եւ նույնիսկ ավելի կոշտ է: Ռուսական կողմը բավարարված չէ թալիբների գործողություններից անցումային կառավարության ձեւավորման հարցում: Բայց եթե Մոսկվան հետեւում է կատարվածին, Թեհրանը չի խորշում կոշտ հայտարարություններից: Հենց այդ պատճառով էլ ի վիճակի է ազդել ՇՀԿ-ի անդամ երկրների դիրքորոշման վրա:

Չինաստանի եւ Հնդկաստանի դիրքորոշումների տարբերությունն այն է, որ առաջինը պատրաստ է համագործակցել Քաբուլի նոր կառավարության հետ, իսկ երկրորդը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան: Ի դեպ, այդ հարցում  միասնություն չկա նաեւ կազմակերպության մյուս անդամների մեջ: Պեկինի դիրքորոշումը կիսում են Իսլամաբադը, Տաշքենդը եւ Նուր Սուլթանը, Նյու Դելիինը՝ Դուշանբեն:

«Տաջիկստանի դիրքորոշումը կարող է օգտագործվել Մոսկվայի կողմից, եթե հանկարծ ստեղծվի մի իրավիճակ, երբ բանակցությունների սեղանի շուրջ սպառված կլինեն «Թալիբանի» հետ համագործակցության հեռանկարները, էլ չասած ճանաչման մասին, եւ անհրաժեշտություն կառաջանա աջակցել հակաթալիբյան դիմադրությանը»,- նշել է Կնյազեւը: Նրա խոսքերով՝ իրենք՝ թալիբները, շեշտը դրել են այն բանի վրա, որ դա ժամանակավոր կառավարություն է, որը շուտով կճշգրտվի, իսկ այժմ «Թալիբանի» ներսում պայքար է ընթանում:

Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առցանց մասնակցել ՇՀԿ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովներին, քանի որ կոնտակտային անձ է եւ չպետք է իր գործընկերներին վտանգի տակ դնի, դժվար թե, ընդհանուր առմամբ, ազդի իրավիճակի եւ այնտեղ ընդունվող որոշումների վրա: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Նախագահը բացարձակ առողջ է»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը հանձնե՞լ է ՊՇՌ թեստ, եւ արդյոք դա բացասական արդյո՞ւնք է ցույց տվել, Պեսկովը պատասխանել է. «Իհարկե»:

ՇՀԿ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովներում պլանավորվում է հաստատել կոալիցիոն զորքերը սպառազինության նոր տեսակներով ապահովելու պլանը, ինչպես նաեւ համատեղ մարտական պատրաստության, հետախուզության եւ զորավարժությունների կազմակերպումը:

Դատելով պաշտոնական հաղորդումներից՝ Դուշանբեում կքննարկվեն նաեւ պաշտպանական այլ, ինչպես նաեւ հումանիտար եւ ռազմատնտեսական հարցեր՝ կապված «Միջին Ասիայում կատարված հայտնի իրադարձությունների հետ»: ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի տեղեկություններով՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները «կստորագրեն համաձայնագիր արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով եւ ռազմական տեխնիկայով զինելու մասին», ինչպես նաեւ կսահմանեն մի շարք միջոցառումներ՝ կապված Աֆղանստանից եկող հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու հետ: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ մարմիններն արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումը կայացրել են դեռեւս 2009 թ.: Ենթադրվում է 20 հազար զինծառայողից բաղկացած այդ ուժերն օգտագործել «ռազմական ագրեսիաները ետ մղելու, միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման նպատակով հատուկ գործողությունների իրականացման համար»:

Այս ամենը հրատապ է՝ կապված իրավիճակի հետ, որը ստեղծվել է Աֆղանստանի հետ սահմանին այն բանից հետո, երբ այնտեղ իշխանության եկավ «Թալիբան» ահաբեկչական շարժումը: ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի առաջիկա գագաթնաժողովներում ուշադրություն կդարձվի նաեւ այն բանին, որ Ուզբեկստանը դադարեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը, իսկ Թուրքմենստանը, որը նույնպես սահմանակից է Աֆղանստանին, ընդհանրապես չեզոք երկիր է: Բայց այդ երկրների բանակները նույնպես արդիականացման կարիք ունեն ԱՊՀ-ի հարավային սահմանների հուսալի պաշտպանության համար... 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


© 2009 ARMENPRESS.am