Երթևեկելի հատվածից ավտոմեքենայի դուրս գալու և գլխիվայր շրջվելու հետևանքով տուժել է մեկ մարդ

21:59, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին «BMW 3» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. ՃՏՊ-ի հետևանքով տուժածը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 


© 2009 ARMENPRESS.am