Աուդիտի արդյունքում որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել. Փաշինյանը՝ «Հայաստան» հիմնադրամի մասին

17:58, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, աուդիտի արդյունքում խնդրահարույց որևէ բան չի արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից  Հայկ Մամիջանյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհից հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն էր անում: Հետո հիմնադրամից գումար է ուղղվել պետբյուջե: «Գումարների ճակատագիրը մտահոգության տեղիք էր տվել»,-ասաց նա ու հիշեցրեց, որ պետք է աուդիտ կատարվեր ու հասարակությանը հաշվետվություն ներկայացվեր, սակայն մինչ օրս չի ներկայացվել:

Փաշինյանը հիշեցրեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է հայտարարություն, որով հոգաբարձուների խորհուրդն արձանագրել է, որ չարաշահումներ ու հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, որից հետո որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ ու իրականացնել աուդիտ: Վարչապետը որպես Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝տեղյակ է, որ աշխատանքներն արվել ու ամփոփվել են:

«Աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը և հայտարարությանը, ինչ արել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի աշխարհի ամենահայտնի ու ամենավստահելի աուդիտորական ընկերությունը, չի կարող այդտեղ որևէ այլ խնդիր առաջանալ, որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում»,-ասաց Փաշինյանը:

 Մամիջանյանը նշեց՝ հրապարակումներ է եղել, որ գումարները ծախսվել են ռազմական ուղղությամբ: Նրա խոսքով՝ առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կապված էր նրա հետո, որ պետական բյուջեում գումարներ չկային ու այդ գումարը ծախսվել է թոշակների, աշխատավարձերի ու այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար

Նիկոլ Փաշինյանն էլ պնդեց, որ կառավարությունը երբեք չի ասել, թե հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նպատակներով: «Կառավարությունն ասել է, որ հետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար: Պատերազմի ընթացքում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական կարիքներ, տնտեսական կարիքներ , սոցիալական կարիքներ ու այդպես շարունակ, կառավարությունը 100 մլրդ-ից ավել գումար է հատկացրել՝ այդ կարիքները հոգալու համար, այդ 100 մլրդ-ի  մեջ 52 մլրդը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներից , մնացած ավելի քան 50 միլիարդը եղել է պետբյուջեի միջոցներից: Հետևաբար, չէր կարող պետական բյուջեից միջոցներ տրամադրվեր, եթե, ինչպես դուք եք ասում, պետական բյուջեում միջոցներ չլինեին: Իսկ Հայաստան հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ»,-ասաց նա ու հավելեց՝ աուդիտի արդյունքները կան, կհրապարակվեն:

 


© 2009 ARMENPRESS.am