Արցախի պետնախարարը մասնակցել է սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի մեկնարկին
21:08, 14 Սեպտեմբեր, 2021ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Արցախում սոցիալական աշխատանքի մասնագիտությամբ մագիստրոսական նորաբաց ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից,պետական նախարարը կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ուղղված ջանքերը՝ դրանք համարելով ԱՀ կառավարության կողմից սոցիալական ոլորտում շարունակվող բարեփոխումների արդյունք: Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել սոցիալական աշխատողի մասնագիտությամբ մագիստրատուրա ընդունված ուսանողներին և շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ ի դեմս Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Հայ կրթական հիմնարկության և Մեսրոպ Մաշտոց համալսարանի:
Ըստ աղբյուրի՝ սոցիալական աշխատանքի հիմնարար բարեփոխումների իրականացումը պետական նախարարը պայմանավորել է տեղում պատրաստվող մասնագետների արհեստավարժությամբ, որոնք ի վիճակի կլինեն ոչ միայն սոցիալական որակյալ ծառայություններ մատուցել, այլև ստանձնել քաղաքականություն մշակողի առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:
© 2009 ARMENPRESS.am